ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են աշխատանքները տարբեր հաստատություններում
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շարունակում են ՀՀ տարբեր նշանակության հաստատություններում անցկացնել առաջին հոգեբանական օգնության վերաբերյալ սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում անձանց հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։
2023 թ․ նոյեմբերից մինչ օրս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն աշխատանքներ են իրականացրել 301 հաստատություններում՝ հիմնական և ավագ դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում և մանկապարտեզներում՝ ներկայացնելով առաջին հոգեբանական օգնության առանձնահատկությունները, արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցության սկզբունքները, մեթոդներն ու ընթացակարգերը։
Համագործակցության շրջանակներում շահագրգիռ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու սաները ճանաչողական այցեր են իրականացրել ՓԾ հոգեբանական աջակցության բաժին, տեղում ծանոթացել բաժնի գործունեությանը, օգտվել սարքավորումներից։
ՆԳՆ փրկարար ծառայություն են այցելել նաև ծերերի խնամքի կենտրոնների աշխատակիցներ և շահառուներ։ Նրանց ներկայացվել է հոգեբանական աջակցության բաժնի գործունեությունը, ինչպես նաև անցկացվել է հոգեբանական սեմինար-քննարկում։
ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնում վերապատրաստվել են նաև ուսումնական հաստատությունների հոգեբանները՝ «Վնասակար սովորությունները և դրանց կանխարգելումը» թեմայով։
Իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ։