Որոշել են արցախցիների «վախը բռնեն»․ Շահրամանյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե
Փետրվարի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցում է ստացել, հրավիրվել է հարցաքննության։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են նրան ծանուցում ուղարկել։
Արցախցիների շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հարցին՝ թե ինչ ծանուցագիր է դա` ո՞ր գործի շրջանակում են կանչել, պատասխանեց․ «Այո, ծանուցագիր ստացել է Շահրամանյանը, բայց նրա կողմից ինչ-որ արարքի կասկածանքի հիման վրա չէ, որ ուղարկել են ծանուցագիրը, այլ Շահրամանյանի ներկայացրած հաղորդման։ Համացանցում տեղեկություններ էին պտտվում Արցախի գումարների յուրացման, պետական մեքենաների անհետացման վերաբերյալ, եւ Սամվել Շահրամանյանն այդ առիթով համապատասխան հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե»,-ասաց Երիցյանը։ Փաստաբանը շտապեց հավաստիացնել՝ Շահրամանյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա են նրան կանչել հարցաքննության, մինչդեռ մենք տեղեկացել ենք, որ որեւէ քրեական վարույթ չի նախաձեռնվել այդ առնչությամբ։
Արցախի լիակատար հայաթափումից եւ տեղահանությունից ամիսներ անց հանրությունը չի դադարում խոսել-քննարկել Հայաստանից Արցախ ուղարկված գումարների ճակատագրի, ենթադրյալ յուրացման հարցը։ Այս հարցերն ու քննարկումները փակելու, յուրացումների կասկածները հերքելու համար է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անցած տարվա նոյեմբերի 8-ին նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արցախի տեղեկատվական շտաբն այս առնչությամբ հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր․ «Ընդգծելով, որ վերջին շրջանում, մասնավորապես, սոցցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները՝ Շահրամանյանը Վարդապետյանին խնդրել է, որ նմանատիպ հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նոյեմբերի 8-ից մինչ օրս որեւէ բացահայտում չի արվել, ավելին՝ գործ չի հարուցվել, եւ հետեւաբար Սամվել Շահրամանյանը չէր կարող Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրվել այս գործի շրջանակում, ինչպես պնդում է փաստաբան Ռոման Սարգսյանը։
Մենք գրել էինք, որ որեւէ վարույթ հարուցված չէ, չկա քրեական գործ, իսկ Շահրամանյանին քննչական մարմին կանչելու նպատակը թերեւս արցախցիներին զսպելու, վախեցնելու միտումն է` այնպես անել, որ դուրս չգան պայքարի, քաղաքականությունից հեռու մնան: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից սկսած քննչական մարմիններն արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների պարբերաբար հրավիրում են, նրանց հետ «բացատրական» աշխատանքներ տանում՝ փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը, իսկ Շահրամանյանի ծանուցումն այս օրերին պատահական չէ, երեկ իշխանությունների դեմ իրականացված հանրահավաքին ոչ միայն բազմաթիվ արցախցիներ էին մասնակցում, այլեւ նրանք հարթակից էին ելույթ ունենում։