Մեղադրանք է ներկայացվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնատար անձանց․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Այնուհետև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը և կառուցվածքային ու գործառույթային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նպատակադրվել են Ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով, կազմել կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։
Մասնավորապես, ստորաբաժանման ղեկավարը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ղեկավարի գիտությամբ և թույլտվությամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված գրություն՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 40972.5մ3 բազալտի օգտակար հանածոն, որը եզրակացության մեջ նշվել էր, որ թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս էր արտահանվել, կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ ՍՊԸ-ին տրամադրված տարածք: Այնուհետև հիշյալ գրությունը ստորագրման նպատակով ներկայացրել է տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
Ստորաբաժանման ղեկավարը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, թույլտվությամբ տրամադրված հիշյալ տարածքից դուրս տեղահանված 40972.5մ3 բազալտի հանածոյի, դրանով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ ՀՀ
ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան, բնապահպանական որևէ տեսակի վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված ևս մեկ գրություն՝ դրանում կրկին ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, ուստի օրենքի պահանջի խախտում առկա չէ:
Սույն գրությունը ստորաբաժանման ղեկավարը ստորագրման նպատակով ներկայացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
Հիշյալ գրության հիման վրա ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ։ Դրա հիման վրա Ընկերության կողմից իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 79.891.700 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: