ԵՄ-ում համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
Եվրամիության մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների հաջորդ՝ 13-րդ փաթեթը, որը կհաստատվի մինչև փետրվարի 24-ը, հաղորդում է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ նոր փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցուցակներում կընդգրկվեն գրեթե 200 մարդ և իրավաբանական անձ։ Նա հավելել է, որ ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի նաև պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում։
«Մենք պատժամիջոցների ցուցակներում կընդգրկենք ևս 200 մարդու և կառույցներ, այդպիսով սև ցուցակներում հայտնվածների ընդհանուր թիվը կկազմի մոտ 2 հազար»,- գրել է Բորելը X-ում։
Bloomberg գործակալությունն էլ, վկայակոչելով իր ունեցած փաստաթղթերը, հայտնել է, որ պատժամիջոցները կազդեն այն կառույցների վրա, որոնք զբաղվում են զենքի արտադրությամբ և ռուսական պաշտպանական ընկերությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի մատակարարմամբ:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ ԵՄ-ում նաև առաջարկներ են ներկայացրել՝ արգելելու Եվրամիության ընկերություններին առևտուր անել ՉԺՀ-ի, Թուրքիայի, Հնդկաստանի և Սերբիայի մի շարք ընկերությունների հետ՝ պատճառաբանելով, որ նրանք աջակցում են Ռուսաստանին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված:
ԵՄ-ը միաժամանակ երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը, բացատրելով, որ դրանց պահպանումը նպատակահարմար է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ուժ կիրառել Ուկրաինայում՝ խախտելով միջազգային իրավունքը: