Նվերների ինստիտուտի հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում․ ԱՆ խորհրդական Էլինա Գեղամյանը մանրամասնում է
«Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է ի պաշտոնե նվեր ընդունել կամ այդ նվերը հետագայում ընդունելու համաձայնություն տալ։
Արդարադատության նախարարի խորհդրական Էլինա Գեղամյանը նշում է, որ այս արգելքը վերաբերում է ՀՀ-ում բոլոր հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և բոլոր հանրային ծառայողներին՝ այսինքն քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգին, վարչական, հայեցողական, քաղաքական պաշտոնների համակարգին․ «Ընդհանուր ընդգրկում է պետական և համայնքային ամբողջ ծառայությունը։ «Հանրային ծառայության մասին» օրենքում ներկայումս ունենք երկու հասկացություն՝ հանրային ծառայողներ և հանրային պաշտոն զբաղեցնողներ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մեջ մտնում են ինչպես քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, որի մեջ են դատավորները, քննիչները, դատախազները, այսինքն պետական ամբողջ համակարգն իր իշխանության երեք ճյուղերով՝ օրենսդիր, գործադիր, դատական»։
Սահմանվել է նաև նվեր հասկացությունը։
-Ընդգրկում է ցանկացած գույքային առավելություն, որը տրվում է անձի պաշտոն զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված, այդ թվում նաև ներված պահանջները, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը, անհամարժեք ցածր գնով վաճառված ապրանքները։ Կարծես թե փակված է «նվեր» հասկացությունը և ցանկացած գույքային առավելություն այստեղ ներառված է։
Առանձնացված են 4 խումբ նվերներ, որոնք հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները կարող են ստանալ։
-Դրանցից առաջինը պետական, պաշտոնական այցերի, գործուղումների ժամանա տրվող նվերներն են և այս միջոցառումների ժամանակ տրվող հյուրասիրությունը։
Երկրորդը կրթաթոշակն է, որը տրամադրվում է հրապարակային մրցույթի արդյունքներով,ա յլ անձանց նկատմամբ կիրառված նույն պայմանների արդյունքում։
Երրորդը ծառայողական օգտագործման նպատակով տրամադրված գույքն է։
Չորրորդը արարողակարգային նվերներն են, որոնք տրամադրվում են օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ սուբյեկտների կողմից։
Կան դեպքեր, երբ հանրային ծառայողի ստացած նվերը դառնում է պետության սեփականությունը։
-Արարողակարգային նվերներն են, որոնք գերազանում են 60․000 դրամը, պաշտոնական այցերի, գործուղումների, միջոցառումների ժամանակ տրված նվերները, եթե արժեքը կրկին գերազանցում է 60․000 դրամը և այն նվերները, որոնք թույլատրելի չեն ստանալ՝ կապված են պաշտոնեական պարտականությունների հետ, ըստ խորհրդատվական կարծիքի դրանք անթույլատրելի են, բայց հնարավոր չէ համարժեք փոխհատուցում վճարել։
Ի՞նչ է սպասվում, եթե հանրային ծառայողը պաշտոնեական պարտականությունների հետ կապված չթույլատրելի նվեր է ստացել։
-Եթե հանրային ծառայողը պաշտոնեական պարտականությունների հետ կապված չթույլատրելի նվեր է ստացել, ապա այդ արարքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն, ինչպես նաև, եթե հաշվառման ենթակա նվեր է և նվերների ռեեստրում չի հաշվառել՝ կրկին վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։ Որոշ դեպքերում կարող է ծագել քրեական պատասխանատվության հարց, եթե այդ անթույլատրելի նվերը կաշառք է
Կարգավորումներ են նախատեսվում նաև պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման և այլ հարցերի հետ կապված։
-2023 թվականին Արդարադատության նախարարությունը նվերների ինստիտուտի հետ կապված մշակել է ևս մեկ նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսում ենք փոփոխություններ անել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Պետական արարողակարգի մասին» օրենքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Նախագիծն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Նախագծի նպատակը պետության սեփականություն դարձող նվերների տնօրինման հարաբերությունները կարգավորելն է, որովհետև գործող օրենսդրությամբ մենք ունենք երկու դեպք, երբ հանրային ծառայողի, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ստացած նվերը դառնում է պետության սեփականություն, բայց օրենքը չի կարգավորում, թե պետության սեփականությունը դարձող նվերների հետ պետությունն ինչ է անելու։ Ինչ եղանակով է տնօրինելու, ինչը խնդրահարույց է թե՛ նվերը նվիրողի համար, թե՛ հանրային ծառայողի համար և թե՛ ընդհանրապես հանրության համար, որովհետև այդ նվերի ճակատագիրը պետք է կանխատեսելի ու պարզ լինի։ Այս նախագծով առաջարկում ենք հստակ սահմանել նվերների տնօրինման եղանակները, նվերը տնօրինող մարմինները, նրանց լիազորությունները հստակ տարանջատել։
Որոշ փոփոխություններ են նախատեսվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում․ ներկայումս թույլատրելի 4 խումբ նվերներից մեկն է նաև ծառայողական նպատակով տրամադրվող գույքը, սակայն այտեղ մենք որոշակի ներքին հակասություն ունենք, քանի որ նվերը կարող է համարվել միայն այն գույքը, որը սեփականության իրավունքով է փոխանցվում հանրային ծառայողին, իսկ ծառայողական նպատակով տրվող գույքը ընդամենը ժամանակավոր օգտագործման նպատակով է տրվում, հետևաբար դա չի կարող համարվել որպես նվեր։ Այսպիսով կկատարվի այս շտկումն ու թույլատրելի նվերների շրջանակից կհանվի ծառայողական նպատակներով տրամադրվող գույքը՝ շեշտելով, որ այդ գույքը նվեր չի համարվում։
Էլինա Գեղամյանը նշում է, որ կարևոր է ընգծել, որ այս ինստիտուտի նպատակը և՛ պաշտոնատար անձանց, և՛ քաղաքացիների մոտ այն գիտակցումը ձևավորելն է, որ պաշտոնատար անձն իր պարտականությունների կատարման հետ կապված նվերներ չպետք է ստանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: