Գարիկ Գալեյանը կմնա տնային կալանքի տակ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։
Գալեյանի պաշտպանները խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նա կարողանա այցելել որդու շիրմին, սակայն դատարանը մերժեց այն։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն նշեց, որ դատարանի նման որոշումը սպասելի չէր։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչից հետո խափանման միջոցը կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
ՔԿ-ից հայտնել էին, որ Գարիկ Գալեյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։
ՔԿ-ից մանրամասնել էին, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: