Լեհաստանի նախագահն օրինական է անվանել ֆերմերների կողմից Ուկրաինայի հետ սահմանի արգելափակումը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, մեկնաբանելով լեհ ֆերմերների կողմից Ուկրաինայի հետ սահմանի արգելափակումը, հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն կարող սահմանափակել օրինական բողոքի նրանց իրավունքը, և որ նրանք հիմքեր ունեն նման գործողությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Դուդան խոսել է «Ուկրաինական ռադիոյին» տված հարցազրույցում։
Լրագրողը Լեհաստանի նախագահին հարցրել է, թե նա ինչպես է գնահատում այն դեպքերը, երբ լեհ ցուցարարները, որոնք սահմանին փակել են անցակետերը, ուկրաինական հացահատիկը լցրել են ճանապարհի վրա։
«Ցավում եմ, որ նման իրավիճակներ են եղել, բայց, մյուս կողմից, խնդրում եմ նաև հիշել, որ Լեհաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բողոքելու իրավունքը պարզապես գոյություն ունի: Եվ դա երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եթե կա օրինական բողոք, այդ բողոքն ուղղակի ընկալվում է հանդուրժողականորեն և պաշտպանվում է», - նրա խոսքերն է մեջբերում «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։
Դուդան ընդգծել է, որ Լեհաստանում գյուղատնտեսական արհմիությունները գործում են Լեհաստանի իշխանություններից անկախ, և իրենք չեն կարող միջամտել սահմանն արգելափակելու նրանց որոշումներին։
Հարցին, թե ինչպես լուծել այս իրավիճակը, Դուդան հույսը դրել է բանակցությունների վրա։
Փետրվարի 20-ի առավոտյան լեհ ֆերմերները փակել են երկաթուղին «Մեդիկա-Շեգինի» անցակետի մոտ և բեռնատար գնացքից հացահատիկի մի մասը լցրել երկաթգծի վրա։ Ի պատասխան նրանց գործողությունների՝ ուկրաինացի փոխադրողները բողոքի ցույց են սկսել «Ռավա-Ռուսսկայա-Գրեբեննոյե», «Կրակովեց-Կորչևա» և «Շեգինի-Մեդիկա» անցակետերի մոտ: