Սալեխարդի դատարանը անօրինական գործողությունների մասին բողոք է ստացել Նավալնու մորից
Սալեխարդի քաղաքային դատարանը հայց է ստացել Ալեքսեյ Նավալնու մորից՝ Լյուդմիլա Նավալնայայից, որը բողոքել է ՌԴ Քննչական կոմիտեից այն պատճառով, որ իրեն չեն տալիս որդու մարմինը։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը։
«Բողոքը ստացվել է անօրինական գործողությունների, որոշման մասին։ [Դիտարկումը] նշանակված է մարտի 4-ին, դռնփակ նիստով»,- ասել են դատարանում։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը փետրվարի 20-ին տեղեկացրել էր, որ Լյուդմիլա Նավալնայան դիմել է դատարան Քննչական կոմիտեի անգործության մասին հայցով, քանի որ իրեն չեն հանձնում որդու մարմինը։
Քննչական կոմիտեն հրաժարվում է տալ Ալեքսեյ Նավալնու մարմինը՝ դա բացատրելով նրանով, որ ստուգում է կատարում նրա մահվան հետ կապված։ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը փետրվարի 19-ին տեղեկացրել էր, որ ՔԿ-ն երկարացրել է ստուգումը առնվազն երկու շաբաթով, այսինքն՝ այն կավարտվի մարտի 3-ից ոչ շուտ։