Արման Անդրեասյանն իր դափնին խոնարհել է հերոս եղբոր շիրիմին
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։
Նա Ռումինիայում հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին և բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:
Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին 70 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք` Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։
Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։