Ռուսաստանը անկախ միջազգային հետաքննություն չի անցկացնի Նավալնու մահվան կապակցությամբ. Պեսկով
Ռուսաստանը չի պատրաստվում անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը Մոսկվայից պահանջում է անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն՝ Նավալնու հանկարծակի մահվան հետ կապված։
«ԵՄ-ն կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Բորելը, հավելել՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։
Վաշինգտոնը նույնպես դիտարկում է նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Նավալնու մահվան հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։