Բրիտանիան հայտնել է, որ Ջիբութիից 60 մղոն հեռավորության վրա առևտրային նավ է հարձակման ենթարկվել
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Ջիբութիից 60 ծովային մղոն դեպի հյուսիս առևտրային նավ է գրոհի ենթարկվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վարչության տարածած հաղորդագրությունը:
Նավապետը հայտնել է, որ նավը գրոհի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից և մակերեսային վնասվածքներ ստացել։ Անձնակազմը չի տուժել, նավը շարունակել է ընթանալ նշանակման նավահանգիստ։
UKMTO-ն այդ տարածքի բոլոր նավերին հանձնարարել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:
2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Հակամարտության ընթացքում Մերձավոր Արևելքի մի շարք խմբավորումներ ակտիվացնել են գրոհներն Իրաքում և Սիրիայում տեղաբաշխված ամերիկյան ուժերի դեմ:
Հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի հատվածները, գնդակոծում են նավերը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ հայտարարելով, որ կդադարեցնեն հարվածները Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո: Հունվարից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ռազմական օբյեկտներին։