Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Սիյարտո
Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, թեև այն սխալ է համարում։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։
«Պատժամիջոցների 13-րդ փաթեթի նախապատրաստման փուլում դրանից հաջողվել է բացառել բոլոր տարրերը, որոնք հակասում էին Հունգարիայի տնտեսական շահերին։ Ուստի մենք կարծում ենք, որ վետո կիրառելն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Եվրամիությունը սխալ որոշում է կայացնում»,- հայտարարել է Սիյարտոն Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ թեև Եվրամիությունը դեռ չի հասցրել հավանություն տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին, Բրյուսելում արդեն 14-րդ փաթեթը մշակելու կոչեր են հնչում:
Սիյարտոն նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ ղեկավարության ընդհանուր ռազմավարությունը լիովին ձախողված է, քանի որ այն չի տանում խաղաղության, այլ միայն վնաս է հասցնում Միության երկրներին: