Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումները դեպի Ռուսաստան և Բելառուս
Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap-ը:
Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։
Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ապրանք է ավելացրել Ռուսաստան և Բելառուս առաքման համար արգելված ապրանքների ցանկում։
Այդպիսով, ցուցակում ապրանքների ընդհանուր թվաքանակը կհասնի 1159-ի: Դրանց թվում են ծանր շինարարական սարքավորումները, վերալիցքավորվող մարտկոցները, ավիացիոն բաղադրիչներն ու մեխանիզմները:
Նոր ցուցակում ներառված են նաև 2 հազար խորանարդ սմ ծավալի շարժիչով օգտագործված ավտոմեքենաները, որոնք կազմել են Հարավային Կորեայից Ռուսաստան արտահանված մեքենաների մեծ մասը:
«Սա միջազգային հանրության հետ համակարգված քաղաքականություն է: Կառավարությունը կուժեղացնի անօրինական առևտրի դեմ պայքարը», - գործակալությանը հայտնել է նախարարության ներկայացուցիչը:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին․ 2022 թ․ հենց այս օրն է Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում։