Վեհափառը կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ խոսել է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի մասին
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար՝ վերհիշելով վերջինիս իբրև Պապական նվիրակ ծառայության տարիները Հայաստանում և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորված նրա ջերմ վերաբերմունքը։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգությունները ներկայացրեց կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվեց Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխանցեց իր եղբայրական բարեմաղթանքները։