Աստանայում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հեռանկարները
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի հետ։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը նախարար Մ․Կարաբաևը մանրամասն ներկայացրել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են երկրի տրանսպորտային-լոգիստիկ և տարանցիկ ներուժի զարգացմանը, այդ թվում՝ Ակտաու և Կուռիկ ծովային նավահանգիստների ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև երկաթգծային և կոնտեյներային փոխադրումների համակարգի գործարկման միջոցով։
Իր հերթին դեսպան Ա․Ղևոնդյանը, վերահաստատելով հայաստանյան կողմի շահագրգռվածությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչներն ու սկզբունքները։
Հետագա քննարկումների ընթացքում դիտարկվել են փոխադարձ ապրանքաշրջանառության աճին, գործարար շփումների դյուրացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը նպաստող՝ տրանսպորտի ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ուղղված ինչպես Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ օդային հաղորդակցման կանոնավոր բնույթի պահպանմանն, այնպես էլ գործարկվող օդանավակայանների աշխարհագրության ընդլայնմանը։