Հռիփսիմե Խուրշուդյանը ԵԱ-ի բրոնզե մեդալով ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան․ նա չկարողացավ զսպել արցունքները
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ (105+122) դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սամվել Գասպարյանը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ, իսկ Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալ:
109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ փորձել է բարձրացնել 165 կգ, սակայն վնասվածք է ստացել և չի շարունակի պայքարը ԵԱ-ում:
Հիշեցնենք՝ 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել էին հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:
Կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք:
Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:
Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: