Ազգային փոքրամասնությունները մեր երկրում ապրել են ինչպես տանը, նման կոնֆլիկտները խորթ են մեզ. Հասմիկ Հակոբյան
Երևի կհիշեք, որ այս տարեսկզբին ատելության ու անհանդուրժողականության ալիք էր բարձրացել հնդիկ ժողովրդի հանդեպ, ինչն արտացոլվում էր որոշ ԶԼՄ-ներում (չեմ ուզում ենթադրել, որ ուղղորդվում էր որոշ ԶԼՄ-ների կողմից)։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Ահա այդ օրերին մի աշխատանքային օր սովորույթի համաձայն պատահական ռադիոալիք որսացի տան ճանապարհին՝ հետո պարզեցի, որ Ռադիո ԱՎՐՈՐԱ-ն էր, ու որպեսզի գրառումս կոռեկտ լինի՝ նողկալի անվանեմ լսածս․ հնդիկների հանդեպ ատելության խոսքի չափաբաժինը պարզապես անտանելի էր։
Բնականաբար դիմեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ուսումնասիրելու տվյալ հաղորդումը։ Այսօր տեղեկացա, որ դեպքի առթիվ կիրառվել է վարչական տույժ ԶԼՄ-ի նկատմամբ։
Ուզում եմ առիթն օգտագործել և իմ նախկին գործընկերներին խնդրել ու հորդորել նրբանկատ լինել իրենց աշխատանքի ընթացքում, հատկապես երբ խոսքը ՀՀ-ում բնակվող այլազգի ներկայացուցիչներին է վերաբերում։
Հայաստանին երբեք հատուկ չեն եղել միջէթնիկական կոնֆլիկտները, ազգային խտրականության հիմքով բախումները։ Ազգային փոքրամասնությունները մեր երկրում ապրել են՝ ինչպես տանը։ Նման կոնֆլիկտները խորթ են մեզ»,- գրել է նա։