Իսրայելի արտգործնախարարը Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Վերջինս համեմատել է Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերը Հոլոքոստի հետ։ Այս առնչությամբ Բրազիլիայի դեսպանը նախօրեին կանչվել է Իսրայելի ԱԳՆ։
«Առավոտյան ես կանչեցի Իսրայելում Բրազիլիայի դեսպանին Յադ Վաշեմ (Հոլոքոստի հիշատակի կենտրոն)՝ այն վայր, որն ամենից շատն է վկայում, թե ինչ են արել նացիստներն ու Հիտլերը հրեաների, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների հետ: Մենք չենք ների ու չենք մոռանա։ Ես իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեցի, որ նա Իսրայելում պերսոնա նոն գրատա է հայտարարվել»,- գրել է Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:
Նա հավելել է, որ Բրազիլիայի նախագահը հայտարարված է պերսոնա նոն գրատա, քանի դեռ «ներողություն չի խնդրել և հետ չի վերցրել իր խոսքերը»։ Կացի խոսքով, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների և Հիտլերի գործողությունների միջև զուգահեռներ տանելը լուրջ հակասեմական հարձակում է, որը պղծում է Հոլոքոստի զոհերի հիշատակը։