Ոչ միայն նվիրեք, այլ կարդացեք գրքեր. Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Ոչ միայն նվիրեք, այլ կարդացեք գրքեր:
Շնորհավոր գրքի տոնը!
Զետեղում եմ մի հատված՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքից: Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև հեղինակի մյուս գրքերը, որոնք, ի դեպ, հասանելի են նաև հայերեն:
«Պատմության սակավաթիվ երկաթյա օրենքներից մեկն այն է, որ շքեղությունները միտում ունեն դառնալ անհրաժեշտություններ և առաջացնել նոր պարտավորություններ:
Երբ մարդիկ ընտելանում են որոշակի շքեղության, նրանք դա ընդունում են որպես սովորական մի բան: Հետո սկսում են հույս դնել դրա վրա: Ի վերջո, նրանք հասնում են մի կետի, երբ չեն կարող ապրել առանց դրա:
Վերցնենք մի ծանոթ օրինակ մեր ժամանակներից. վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մենք հնարել ենք բազմաթիվ սարքեր, որոնք խնայում են ժամանակը և, ենթադրաբար, կյանքն ավելի հանգիստ պետք է դարձնեն՝ լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, սպասք լվացող մեքենաներ, հեռախոսներ, սմարթֆոններ, համակարգիչներ, էլեկտրոնային փոստ:
Նախկինում մեծ աշխատանք էր պահանջվում նամակ գրելու, հասցեն նշելու, ծրարը դրոշմելու և փոստարկղ գցելու համար: Պատասխան ստանալու համար պահանջվում էին օրեր կամ շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ:
Այսօր ես կարող եմ էլեկտրոնային փոստով նամակ գրել, ուղարկել այն կես աշխարհ հեռավորության վրա, և (եթե իմ հասցեատերը առցանց է) պատասխան ստանալ մեկ րոպե անց: Ես խնայեցի այդ ամբողջ դժվարությունն ու ժամանակը, բայց արդյո՞ք ավելի հանգիստ կյանքով եմ ապրում:
Ցավոք, ոչ:
Ավանդական փոստի դարաշրջանում մարդիկ սովորաբար նամակներ էին գրում միայն այն ժամանակ, երբ կարևոր բան ունեին հաղորդելու: Մտքին եկած առաջին իսկ բանը գրելու փոխարեն, նրանք երկար մտածում էին, թե ինչ են ուզում ասել և ինչպես ձևակերպել ասելիքը: Եվ ակնկալում էին ստանալ նմանատիպ մտածված պատասխան։ Մարդկանց մեծամասնությունը գրում և ստանում էր ամսական մի քանի նամակ, ոչ ավելի, և հազվադեպ էին իրենց պարտավորված զգում անմիջապես պատասխանել:
Այսօր ես ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում մարդկանցից, որոնք բոլորն ակնկալում են արագ պատասխան: Մենք կարծում էինք, որ խնայում ենք ժամանակը, սակայն փոխարենը տասնապատկել ենք կյանքի վազքուղու արագությունը և մեր օրերը դարձրել ավելի անհանգիստ և ու տագնապալի»: