«Պարզվեց՝ ամենահուսալի գործընկերները թուրքերն են». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների մատակարարման հարցում։
Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված լրագրողը տեղադրել է Telegram ալիքում, ՌԴ նախագահը նշել է. «Անընդհատ ասում էին՝ Ռուսաստանը գազ չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ չենք սահմանափակում: Մենք ամեն ինչ տալիս ենք, ահա, խնդրեմ: Եվ ամենահուսալի գործընկերը, պարզվեց, թուրքերն են։ Ահա, «Թուրքական հոսք»-ով գնում է Եվրոպա»,- նշել է նա։
ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ ևս մեկ գազատար կա՝ դեպի Եվրոպա, որն անցնում է Ուկրաինայով, և ուկրաինական կողմն այն փակել է. «Իրենք են այն փակել, և ոչ թե մենք։ Ո՞րն է իմաստը։ Նրանք մեզանից գումար էին ստանում տրանզիտի համար։ Որքան էլ զարմանալի լինի։ «Ագրեսոր, ագրեսոր» են ասում, բայց փողերը հավաքում են։ Այդ մասին քչերն են խոսում»։
Ըստ ՌԴ նախագահի՝ նաև Լեհաստանով է Եվրոպա գազ արտահանվում։ Նա հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսքի» մի գիծն աշխատում է՝ հակառակ ահաբեկչական ակտի։
Պուտինի խոսքով՝ եվրոպական երկրները հույս ունեին, որ եթե չգնեն ռուսական գազը, Ռուսաստանն ավելի արագ կփլուզվի, քան իրենց մոտ անդառնալի հետևանքներ սկսվելը։ Բայց, ըստ ՌԴ նախագահի, եվրոպական տնտեսությունում արդեն անշրջելի գործընթացներ են սկսվել։