Տարածքային ամբողջականություն պաշտպանելու մասին վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ, դա ՀՀ-ի համար է. Գևորգ Պապոյան
Տարածքային ամբողջականություն պաշտպանելու մասին վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ․ դա ՀՀ-ի համար է. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։
«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից՝ նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ, անպայման հաշվի առնել։ Այստեղ այլ կոնտեքստ չէր էլ կարող լինել»,-ասաց նա։
Պապոյանը կրկնեց Փաշինյանի պնդումը, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը ՌԴ-ն և Ադրբեջանը ճղել, գցել են։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այն ինչ ՀՀ-ին է վերաբերել, ՀՀ-ն բոլոր իր պարտավորությունները կատարել է, բայց, ցավոք, ինչ վերաբերում է Ադրբեջանին և ՌԴ-ին, մեծ հաշվով, կատարված չեն, հետևաբար, մեզ համար շատ տարօրինակ է, երբ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են»,-ասաց նա։