Գեղարքունիքի դպրոցներից մեկում բասկետբոլի ժամանակ վիճաբանություն ու դանակահարություն է եղել
Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս՝ երկաթների վրա ընկնելու հետևանքով։
Կարճ ժամանակում ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։
Այդ օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա տղան սպորտային մարզասրահին կից ուսուցչի գրառումների համար նախատեսված սենյակում դանակով հարվածել է իր հասակակցի ազդրին։
Ոստիկանները հայտնաբերում են կասկածյալի հորը, ով հայտնում է, որ հանցագործության գործիք դանակը իր տղան տվել է իրեն և ինքը պատրաստ է այն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորն ու կասկածյալը սովորում են նույն դպրոցի 11-րդ դասարանում։