Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 4-րդն է թիմային հաշվարկում:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի էջից։
«Մեր թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի ուշ գիշերը լույս 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով, ժամը 3:55-ին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-18-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանը 7:5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում նա 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։