Նապոլիի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել Բարսելոնայի դեմ ՉԼ խաղից հետո
«Նապոլիի» ղեկավարությունը որոշել է հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին, եթե նրա թիմը վատ հանդես գա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա տնային խաղում, որը կկայանա փետրվարի 21-ին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
Աղբյուրի համաձայն, եթե Մացարին պաշտոնանկ արվի, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի «Միլանի» ու «Սամպդորիայի» նախկին մարզիչ Մարկո Ջամպաոլոն։
Հիշեցնենք, որ Մացցարիի գործող պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Իտալական Ա Սերիայի 24 տուրից հետո «Նապոլին» վաստակել է 36 միավոր և այժմ 10-րդ տեղում է։
«Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին, փոխանցում է ArmSport-ը։