Նիկոլ Փաշինյանը և Նատալի Լուազոն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։
Նշվում է, որ Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին` Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար, և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը` ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի:
Մեդալն օրերս Նատալի Լուազոյին էր հանձնել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: