Արարատ Միրզոյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համապարփակ գործընկերության օրակարգի շուրջ
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերի։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, վերջինիս ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։