Օրացույց փետրվարի 17. Աղվան Հովսեփյանը ԱԺ էր եկել Վանո Սիրադեղյանի հետևից
1995-ի այս օրերին Հայաստանում շարունակվում է էներգետիկ ճգնաժամը: Բնակարաններում օրական տրվում է 2 ժամ էլեկտրաէներգիա: Շենքերի միջեւ էլեկտրալարերի իսկական սարդոստայն է հյուսված, դրանք, այսպես կոչված, ձախ հաղորդալարերն են, որոնք լույս են գողանում հիվանդանոցներից, հացի արտադրամասերից կամ տրամվայների հավաքակայաններից: Ձախ լույսի հետ իշխանությունը չի կարող կռիվ տալ: Այն նաեւ անվճար է: «Հայէներգոյի» տվյալներով բնակչությունը վճարում է միայն սպառած էլեկտրաէներգիայի 8 տոկոսի դիմաց : 8 միլիարդ դրամի է հասնում էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության պարտքը:
1998-ի փետրվարի 17-ին Հայաստանի ռամկավարները հայտարարում են, որ կպաշտպանեն նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահի արտահերթ ընտրություններում: Քոչարյանը ռամկավարներին խոստացել է ապահովել արդար ընտրություններ:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի։