Մահացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը
«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ մահացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը, ում անվանում էին «60-ականների աչք»:
«Նա իր օբյեկտիվում հավերժացրել է մեծանուն շատ արտիստների ու գործիչների՝ Շառլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, «The Beatles», Բրել, Գենսբուր, Հալիդեյ, «The Rolling Stones» և այլք: Հատկապես առանձնահատուկ էին նրա հարաբերությունները Շառլ Ազնավուրի հետ. լուսանկարիչը վավերագրել է նրա կյանքը՝ «Ալհամբրա» համերգասրահում առաջին հաղթական ելույթից մինչև նրա փառավոր կարիեիայի հարյուրավոր այլ դրվագներ: Վերջին տարիներին Ռոժե Կասպարյանը և նրա դուստրը դարձել էին «Ազնավուր» հիմնադրամի նվիրյալ ընկերներն ու աջակիցները։ Ռոժեի վերջին համագործակցությունը մեզ հետ օրեր առաջ էր՝ փետրվարի 4-ին, Կաննում հիմնադրամի կողմից կազմակերպված «Aznavour Classique» համերգի շրջանակում: Մեր ցավակցություններն ենք հայտնում Կասպարյանների ընտանիքին այս դժվարին պահին։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո լուսանկարիչը և նրա դուստր Լիդիան այցելեցին Արցախ՝ վավերագրելու պատերազմի ավերածություններն ու մեր պատմական հուշարձանները։ Հետագայում այդ լուսանկարները ցուցադրվեցին աշխարհի տարբեր ցուցասրահներում՝ անբառ վկայելով հայ ժողովրդի պատմության ծանր դրվագների և մշակութային հարուստ ժառանգության մասին: 2020-ից ի վեր Ռոժե Կասպարյանը հաճախ էր վերադառնում Հայաստան»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։