ՆԳՆ-ում կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող
ՆԳՆ-ում կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող
Ներքին գործերի նախարարությունում Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցությանը Նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվող անելիքներին է անդրադարձել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, իսկ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կարգապահական խախտումներին, իրականացված ծառայողական քննություններին: Մասնավորապես, կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող:
Ամփոփելով աշխատանքը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, միևնույն ժամանակ բարձրաձայնել առկա խնդիրների ու բացթողումների մասին։
Վահե Ղազարյանը Ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները մի շարք հանցատեսակների ուղղությամբ՝ հատկապես առանձնացնելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ շարունակելով իրականացնել բացատրական աշխատանք։
Նախարարը նշել է, որ Ոստիկանության ստորաբաժանումներում պետք է բացառվի բռնության որևէ դրսևորում, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ծառայողը ենթարկվելու է պատասխանատվության։Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարը խիստ հանձնարարական է տվել Պարեկային ծառայությանը՝ լինել անհանդուրժող ճանապարհային երթևեկության կանոններ խախտող անձանց նկատմամբ։ ՆԳ նախարարը 2024 թվականը հայտարարել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Խոսելով Փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքի մասին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծառայողների անձնվեր ծառայության համար՝ առանձնացնելով հատկապես անտառային հրդեհների դեմ տարվող աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է ամառվա ամիսներին ուժեղացնել ծառայությունը Սևանա լճում՝ բացառելու համար ջրահեղձման դեպքերը, այդ ուղղությամբ ակտիվ համագործակցել Ջրային պարեկային ծառայության հետ։
ՆԳ նախարարն անդրադարձել է երկու ծառայությունների աշխատակիցների կարգապահությանը, հորդորել է ակտիվ մասնակցել ատեստացիոն գործընթացներին՝ բարելավելու համար սոցիալական երաշխիքները, ինչպես նաև անդրադարձել է առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։