Իրավապահների ծառայությունը զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով
Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Խորհրդակցվությանը մասնակցում էր ՆԳ նախարարության, Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 թ. համեմատությամբ, գրեթե բոլոր ուղղություններով և հանցատեսակներով, բարձր են:
Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի մասին՝ նա նշել է, որ չնայած արձանագրվել է դեպքերի հայտնաբերման ցուցանիշների զգալի աճ, այնուամենայնիվ, խնդիրը մնում է մտահոգիչ: Մյուս մտահոգիչ փաստը, ըստ Հովհաննիսյանի, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքերի և զոհերի թվի աճն է։
Անդրադառնալով ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ծառայությունը զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Անդրադառնալով հանրապետության ողջ տարածքում ներդրված Պարեկային ծառայության ժամանակակից մոդելին, նա նշել է, որ յուրաքանչյուր մարզում ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը: