ՀՀ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն ջանքեր կգործադրի հայ գերիներին վերադարձնելու համար. Արշակյան
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հայ գործընկերների հետ քննարկվել է տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր:
«Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը և արձանագրել, որ չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է և ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար:
«Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,-ասել է նա:
ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն ասել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է և կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման բարդ քաղաքական գործընթացին:
Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում: