Թաիլանդի կառավարության ղեկավարը հաստատել է նախկին վարչապետի ազատ արձակման լուրը
Թաիլանդի վարչապետ Սրեթթա Թավիսինին հաստատել է, որ Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավարտան, որը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման, վաղաժամ ազատ կարձակվի փետրվարի 18-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Thai PBS-ը։
Թավիսինիի խոսքով՝ Շինավարտայի պայմանական վաղաժամ ազատման գործընթացը կիրականացվի օրենքին համապատասխան։
Շինավարտան Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թվականներին։
Մինչ նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում էր, մի խումբ զինվորականներ հեղաշրջում են իրականացրել: Շինավարտան ստիպված է եղել մնալ արտերկրում։ Նա Թաիլանդ է այցելել 2008 թվականին՝ դատարանի առաջ կանգնելու համար: Քաղաքական գործիչը ձերբակալվել է, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել, այնուհետ վերջնականապես լքել է երկիրը։
2008 թվականին դատարանը նրան հեռակա դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պետական հողային տարածք գնելիս իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ 2019 թվականի ապրիլից նրան դատապարտել են իշխանության չարաշահման, հարկերից խուսափելու և կոռուպցիայի համար։
74-ամյա Թաքսին Շինավարտան վերադարձել էր Թաիլանդ 2023 թվականի օգոստոսի 22-ին՝ 15 տարվա ինքնակամ աքսորից հետո։ Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել որոշ դատավճիռներ: Օգոստոսի 31-ին նախկին վարչապետը թագավորական ներման խնդրանք էր ներկայացրել։ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա X) ներում է շնորհել նրան երկրի զարգացման գործում ունեցած ներդրման համար և կրճատել է ազատազրկման ժամկետը մինչև մեկ տարի։