Թուրքիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերը համընկնում են. Բոգդան Բեզպալկո. AlphaNews
Alpha News-ը գրում է.
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերն այն մասին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները:
«Մի շարք պետություններ կարող են, այսպես ասենք, հրահրել կովկասյան պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, մի շարք չմտածված գործողությունների և զինված հակամարտության վերսկսման ՝ նրանց գայթակղելով ինչ-որ պատրանքներով: Այստեղ իզուր չէ հիշատակված Ֆրանսիան, քանի որ հենց Ֆրանսիայի հետ է, որ ներկայիս ՀՀ ղեկավարությունը հիմա սկսում է ինտենսիվորեն զարգացնել ռազմական, ռազմաքաղաքական և այլ կապեր: Այս իրավիճակում Ֆրանսիան զենք մատակարարելով, ՀՀ զինված կամ հատուկ ջոկատայիններին վարժեցնելով՝ կարող է նրան հրահրել չմտածված որոշումների կամ արձագանքել ոչ այնքան մտածված ինչ-որ սադրանքների: Կարծում եմ, որ Գալուզինը հենց դա նկատի ուներ:
Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք կարող են և պետք է կարգուկանոն հաստատեն Կովկասում, պաշտպանեն մինչ այժմ ձևավորված խաղաղությունը, որը բավականին փխրուն է, ապա կրկին այստեղ առաջին հերթին խոսքը գնում է այն քաոսի և անկայունության գլխավոր շահառուների մասին, որոնք փորձում են Կովկաս մտցնել որոշ երկրներ», - կարծում է փորձագետը։
Քաղաքագետն անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերին, ընդգծել նրա ծավալապաշտական նկրտումներն ու խաղը տարբեր հարթակներում, ինչի ֆոնին այդ երկիրը զբաղված է տարածաշրջանային խնդիրներով։
«Իհարկե, Թուրքիան, որպես պետություն, որի ղեկավարությունն ունի պանթյուրքիստական և նեոկայսերական հավակնություններ, այն երկիր չէ, որը շահագրգռված է Կովկասում կայունության պահպանմամբ։ Նա շահագրգռված է հասնելու սեփական նպատակներին, որոնք արտացոլված են պանթուրքիզմի կամ նեոօսմանիզմի մեջ, բայց միևնույն ժամանակ մասամբ համընկնում են համաշխարհային Արևմուտքը ներկայացնող երկրների՝ Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին։
Իսկ նրանց համար գլխավորը պարզապես Կովկասում հնարավորինս մեծ կրակ վառելն է, որում թող բոլորն այրվեն։ Եւ տարածաշրջանային պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այն պետությունները, որոնք հավակնում են ավելի մեծ դերակատարության՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, գուցե նույնիսկ Իսրայելը և ընդհանրապես բոլոր նրանք, որոնք այնտեղ են։ Որքան շատ անկայունության օջախներ լինեն արևելյան կիսագնդում, այնքան ավելի հանգիստ և հեշտ կլինի արևմտյան կիսագնդում, որտեղ հնարավոր կլինի կառավարել, կապիտալ ներգրավել, հրավիրել մասնագետների, և այնտեղ կարգուկանոն կլինի, այլ ոչ թե այն անկարգությունը, որը նկատվում է արևելյան կիսագնդում», - եզրափակել է Բեզպալկոն: