Հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով․ շատացել են հատկապես սպանության փորձի, ավազակության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը
Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:
Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։
Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը։
Հաշվետու ժամանակահատվածում 2847-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը:
Աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։