Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը եւ Իլիա Դարչիաշվիլին քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը։
Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում կայացած հանդիպմանը նախարարներն ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ խաղաղության առաջ մղման գործում Վրաստանի եւ Թուրքիայի դերի մեծացման կարեւորությունը։
Նախարարները քննարկել են ռազմավարական տարանցիկ եւ էներգետիկ նախագծերի իրականացումը, ընդգծել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաեւ Միջին միջանցքի զարգացման կարեւորությունը։
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համագործակցության ձեւաչափը, որի շրջանակներում մոտ ապագայում տեղի կունենա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։