Արգենտինան հրաժարվել է BRICS-ին միանալուց, սակայն նրա հրավերը հետ չի կանչվել. Ռյաբկով
Արգենտինան պաշտոնապես տեղեկացրել է BRICS-ի երկրներին, որ մտադիր չէ միանալ ասոցիացիային, սակայն Բուենոս Այրեսի հրավերը հետ չի կանչվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս երկրի նոր կառավարությունը, որն իշխանության եկավ անցյալ տարվա ընտրություններից հետո, պաշտոնապես տեղեկացրեց մեզ և BRICS-ի մյուս անդամներին, որ մտադիր չէ ընդունել Յոհանեսբուրգում առաջնորդների կողմից ձևակերպված հրավերը, հետևաբար, Արգենտինան կմնա BRICS-ից դուրս», - Ռյաբկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք այդ որոշումն ընկալում ենք որպես Բուենոս Այրեսի առաջնահերթությունների որոշակի փոփոխության արտացոլում ներկայիս կառավարության իշխանության գալուց հետո: Ոչ ոք BRICS-ում դա չի դրամատիզացնում: Մեր կողմից, իհարկե, մենք Արգենտինայի հրավերը հետ չենք վերցնում, այն մնում է», - նշել է Ռյաբկովը։
2023 թվականի օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովից հետո ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան պաշտոնապես հրավեր ստացան միանալու կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից:
Այնուամենայնիվ, ավելի ուշ Արգենտինայի նոր իշխանությունները հրաժարվեցին կազմակերպությանը միանալուց:
Հունվարի 1-ից Ռուսաստանն ընթացիկ տարվա համար դարձավ BRICS-ում նախագահող երկիրը։ Կառույցը ներառում է նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։