Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային հազարավոր ԱԹՍ-ների մատակարարման մասին
Մեծ Բրիտանիան և Լատվիան կգլխավորեն Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր տրամադրելու կոալիցիան։ Լոնդոնը Կիևին կմատակարարի հազարավոր անօդաչու թռչող սարքեր, իսկ մատակարարումների ֆինանսավորումը կկատարվի նախկինում հայտարարված ռազմական օգնության փաթեթից։ Այդ մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունից։
Հունվարին Լոնդոնը հայտարարել էր Կիևին 2024 թվականին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով։ Մասնավորապես, Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ամենամեծ մատակարարման համար կհատկացվի առնվազն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Թագավորությունը, որպես կոալիցիայի մաս, կօգնի մեծացնել Արևմուտքի կողմից ԱԹՍ-ների մատակարարումն Ուկրաինային: Սա առաջին նախագիծն է, որը ֆինանսավորվում է ավելի վաղ հայտարարված 200 միլիոն ֆունտ ստեռլինգի օգնության փաթեթից:
«Միացյալ Թագավորությունը հազարավոր նման անօդաչու թռչող սարքեր կպատվիրի Ուկրաինայի համար, այդ թվում՝ բրիտանական արտադրողներից՝ արդյունաբերությանը զարկ տալու նպատակով, ինչպես նաև տնտեսությունը զարգացնելու՝ վարչապետի նշած առաջնահերթությունն իրագործելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։