Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբանը մանրամասներ հայտնեց․ «Ազատություն»
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը:
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշեց Եգորյանը:
Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ: