ԱՄՆ-ն կհետաձգի պաղեստինցիների արտաքսումը երկրից՝ հաշվի առնելով իրադրությունը Գազայի հատվածում
Գազայի հատվածում հակամարտության պատճառով Սպիտակ տունը որոշել է հետաձգել ԱՄՆ-ում գտնվող պաղեստինցիների արտաքսումը և նրանց ժամանակավոր ապաստան տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Մասնավորապես, նախագահ Բայդենը 18 ամսով հետաձգում է ներկայում Միացյալ Նահանգներում գտնվող պաղեստինցիների հարկադիր արտաքսումը», - ասվում է Սալիվանի հայտարարության մեջ։
Համապատասխան հուշագիրն ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս միջոցը «կապահովի Միացյալ Նահանգներում պաղեստինցիների մեծ մասի պաշտպանությունը», սակայն արտաքսման ժամկետի երկարաձգում չեն ստանա այն անձինք, որոնք դատապարտվել են քրեական հանցագործությունների համար, ինչպես նաև նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար:
«Յուրաքանչյուր ոք, ով կամավոր կվերադառնա պաղեստինյան տարածքներ, կկորցնի նման պաշտպանությունը», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ են ստանում ԱՄՆ-ում գտնվող առանձին երկրների այն քաղաքացիները, որոնք տուժել են զինված հակամարտությունից կամ բնական աղետից։ Այս կարգավիճակը թույլ է տալիս մարդկանց սահմանափակ ժամանակով ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում: