Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Իսրայելին կոչ են արել հրաժարվել Ռաֆահում ռազմական գործողությունից
Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանիզը և Քրիստոֆեր Լյուքսոնը կոչ են անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ կապված Ռաֆահում Իսրայելի կողմից պլանավորված ռազմական գործողության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կողմերը համատեղ հայտարարություն են տարածել:
«Մեզ լրջորեն մտահոգում է այն, որ Իսրայելը ցամաքային հարձակում է պլանավորում Ռաֆահում: Ռաֆահում ռազմական գործողությունն աղետալի կլինի։ Այնտեղ ապաստանել է շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի, այդ թվում՝ մեր քաղաքացիներից շատերը և նրանց ընտանիքները», - ասվում է երեք երկրների վարչապետների հայտարարության մեջ:
Երեք վարչապետներն Իսրայելի կառավարությանը կոչ են անում «չգնալ այդ ուղիով», քանի որ քաղաքացիական անձինք գնալու տեղ չունեն։
«Անհապաղ հումանիտար հրադադար է անհրաժեշտ», - հայտարարել են վարչապետները։
Նրանք նշել են, որ Գազայում մարդասիրական օգնության կարիքը երբեք այսքան մեծ չի եղել։
«Քաղաքացիական բնակչությանը պետք է ցուցաբերվի արագ, անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական օգնություն»,- ընդգծել են պետությունների ղեկավարները։
Նրանք շեշտել են, որ հրադադարը չի կարող լինել միակողմանի, և կոչ են արել ՀԱՄԱՍ-ին «անհապաղ վայր դնել զենքերը և ազատ արձակել բոլոր պատանդներին»։
«Ի վերջո, կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական լուծում՝ բանակցությունների ճանապարհով», - ասել են Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարները:
Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաղորդել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտը հեռախոսազրույցում քննարկել են «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և հումանիտար օգնության տեղաշարժն ու դրա հասանելիությունն ապահովելու կարևորությունը»: