Ալեն Սիմոնյանն ու Բուլղարիայի ԱԺ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ:
Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար:
Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել
Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում: