Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նախընտրում է ավելի շատ Բայդենին, քան Թրամփին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի համար ԱՄՆ նախագահի պաշտոնում ավելի նախընտրելի է գործող նախագահ Ջո Բայդենը, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կրեմլի ղեկավարը հայտնել է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Լրագրողը նրան հարց է ուղղել, թե ով է ավելի լավ Ռուսաստանի համար որպես ԱՄՆ նախագահ՝ Բայդենը, թե Թրամփը։
«Բայդենը: Նա ավելի փորձառու անձնավորություն է, նա կանխատեսելի է, նա հին դպրոցի քաղաքական գործիչ է: Բայց մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած առաջնորդի հետ, որին կվստահի ամերիկացի ժողովուրդը», - ասել է Պուտինը:
Նա մեկնաբանել է նաև Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ տարբեր հաղորդումները։
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ում ներքաղաքական նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում։Այն ավելի ու ավելի սուր ձևեր է ստանում, և, իմ կարծիքով, ճիշտ չէ, որ մենք միջամտենք այդ գործընթացին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որդեռ 2021 թվականին ՇվեյցարիայումԲայդենի հետ իր վերջին հանդիպման ժամանակ իրեն «ասել էին, որ նա անգործունակ է»։
«Ես նման բան չեմ տեսել։ Այո՛, նա նայում էր իր թղթին, ես էլ, անկեղծ ասած, նայում էի իմ թղթին։Ոչ մի նման բան։Այն, որ ինչ-որ տեղ, ուղղաթիռից դուրս գալով, նա գլուխը հարվածել է ուղղաթիռին. մեզնից ո՞վ գլուխը ոչ մի տեղ չի խփել, թող նա՛ էլ առաջինը քար նետի նրա վրա»,- ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ իրեն իրավասու չի համարում որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ։
«Մենք չպետք է դրան նայենք, մենք պետք է նայենք քաղաքական դիրքորոշմանը: Ես կարծում եմ, որ (խմբ.՝ԱՄՆ)ներկայիս վարչակազմի դիրքորոշումը չափազանց վնասակար է և սխալ: Եվ ես ժամանակին այդ մասին ասել եմ նախագահ Բայդենին», - հավելել է Պուտինը:
ՌԴ նախագահն առաջին անգամ է մեկնաբանություն տալիս 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրապայքարի վերաբերյալ, որում, ամենայն հավանականությամբ, միմյանց դեմ կպայքարեն Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։