Վաչե Տերտերյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունն ամենաբարդ իրավիճակներում և հետաքրքրվել կազմակերպության առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին նշել է, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են մարզերում ապրող և հատկապես Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված երեխաների կարիքները։
Այս կոնտեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարևորում է արդյունավետ համագործակցությունը մարզպետարանների հետ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել են, թե ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության լիարժեք ներգրավման ինչ առաջնահերթ կարիքներ կան։
Տերտերյանը նշել է, որ այս փուլում նախարարությունը կենտրոնանում է ԼՂ-ից տեղահանվածների համայնքահեն և ոչ անհատական կարիքների վրա, որպեսզի լուծումներն ավելի արդյունավետ ու համապարփակ լինեն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները նաև կարևորել են մարզերում երեխաների հանդեպ բռնության դեպքերի կանխումը և ընդգծել այս ոլորտում ոչ միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այլ նաև ՏԿԵՆ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը։
ՅՈՒՆԻՍԵՖ- ի պատվիրակության անդամները նաև ընդգծել են մարզերում 0-3 տարեկան երեխաների համար նախադպրոցական հաստատությունների առկայության կարևորությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալն ի պատասխան ասել է, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը, կողմ է, որ ծրագիրը լինի փորձնական և ապահոված մասնագիտական անհրաժեշտ կապիտալով՝ բուժաշխատողներ, դայակներ և դաստիարակներ։
Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և շեշտել ՏԿԵ նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։