Պարտադրելով հրաժարվել Անկախության մասին հռչակագրից՝ Ադրբեջանը ստիպում է մեզ հրաժարվել Հայոց առաջին Հանրապետության իրավահաջորդը լինելու առաքելությունից. Դավիթ Անանյան
Այլևս ակնհայտ է, որ նոր սահմանադրություն ընդունելու վերաբերյալ այսօրվա մարգինալ իշխանությունների առաջ քաշած արտածին օրակարգը, աներկբայորեն, թելադրված է մեր ոխերիմ հարևանների կողմից, որոնց մոլուցքը շատ հաճախ քաղաքական և քաղաքագիտական տարբեր մեկնաբանների կողմից ներկայացվում է որպես ռևանշիստական նկրտումներից՝ ապագայում հրաժարվելու պահանջի ամրագրում, նման դիտարկում է արել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա ընդգծել է՝ բազմիցս է նշվել, որ նոր սահմանադրության ընդունումն, ըստ էության, առնվազն նշանակում է հրաժարում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, քանի որ գործող Սահմանադրության նախաբանում (պրեամբուլայում) առկա է հղում Հայաստանի անկախության մասին հռչակագրին։
«Առաջարկում եմ հավաքական թուրքերի պահանջի իրական նպատակները փորձել դիտարկել մեկ այլ տեսանկյունից։
Անկախության մասին հռչակագրի, կամ Սահմանադրության մեջ ամրագրված սկբունքներում առկա չէ որևէ հիշատակում այն մասին, որ անկախացած Հայաստանը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է։ Դա մենք ենք մեր հետագա գործողություններով (օրինակ՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա «մեղքը» բարդելով) նման անհիմն մոտեցում որդեգրել ու քարոզել տարիներ շարունակ։ Ակնհայտ է, որ նման հիշատակում չէր էլ կարող լինել, քանի որ Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի համարվել պետություն՝ փաստացի լինելով մեկ կենտրոնի կողմից ղեկավարվող և ՄԱԿ-ի (դրա իրավանախորդի՝ Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի) կողմից չճանաչված մի կազմավորում։
Փոխարենը, Անկախության մասին հռչակագրում հստակորեն ամրագրված է հետևյալը. «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», որտեղ բնականաբար, խոսքը Հայոց Առաջին Հանրապետության մասին է, քանի որ Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն (Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի կողմից) ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած (թեև գործընթացն անցյալ դարի 20-ականներին մնացել է անավարտ) մեկ Հանրապետություն՝ Հայոց առաջին Հանրապետությունը։
Ադրբեջանն իր սահմանադրությամբ ևս ամրագրել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը լինելու իրավական նորմ։ Սակայն, ի տարբերություն Հայոց Առաջին Հանրապետության, մուսաֆաթական Ադրբեջանը, որպես անկախ պետություն, չի ճանաչվել ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի կողմից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս անբարենպաստ «անհավասարությունն» ու դրանից բխող բոլոր պատճառահետևանքային իրադարձությունների հավանականությունը Ադրբեջանը հստակ գիտակցում է։
Մյուս կողմից, պարտադրելով հրաժարվել Անկախության մասին հռչակագրից, Ադրբեջանը ստիպում է մեզ հրաժարվել Հայոց առաջին Հանրապետության իրավահաջորդը լինելու առաքելությունից, որը, ըստ էության, նշանակում է կամովին հրաժարվել պատմականորեն տրված և միջազգային իրավունքի ուժով մեզ պատկանող հայրենիքի լրջագույն հատվածը ապագայում տնօրինելու իրավական հնարավորությունից»,- Facebook-ում գրել է Անանյանը։