ՆԳՆ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքում, հանձնարարել ակտիվացնել պայքարը ապօրինի զինամթերքի հարցում
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2023 թ. օպերատիվ–ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
«Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք–զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։ Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Նրանք այցելել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։
Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։