Ռուսաստանն ամեն ինչ անելու է՝ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացը «5+2» ձևաչափով վերսկսելու համար․ Լավրով
Ռուսաստանն ամեն ինչ կանի Մերձդնեստրի կարգավորման գործընթացը «5+2» ձևաչափով վերսկսելու համար, Պետդումայում ելույթի ժամանաակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«5+2» խմբի կողմից Մերձդնեստրի կարգավորման գործընթացը, որտեղ Ռուսաստանը և՛ երաշխավոր է, և՛ միջնորդ, սառեցված է։ Արևմուտքը չի ցանկանում այն տեղից շարժել՝ լավ իմանալով, որ Մոլդովայի նախագահ տիկին Սանդուն կանի այն ամենն, ինչ իրեն կասեն, ուստի «կարելի է» խնդիրը փորձել լուծել նաև առանց Ռուսաստանի կամ էլ ընդհանրապես՝ առանց միջազգայնորեն ճանաչված մեխանիզմների։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ միտումը կոտրելու և քաղաքական գործընթացը վերսկսելու համար»,- ասել է Լավրովը։
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ Մերձդնեստրում բնակվող իր քաղաքացիները դառնան «արևմտյան հերթական արկածախնդրության զոհը՝ տարածաշրջանն ապակայունացնելու նրանց փորձերում»։
«Մերձդնեստրում մեր 200 000 քաղաքացիներն են նաև բնակվում և իհարկե, մենք մտահոգված ենք նրանց ճակատագրով և թույլ չենք տա, որ նրանք արևմտյան հերթական ավանտյուրայի զոհը դառնան»,- ասել է Լավրովը։