Շատ անսպասելի էր․ փոխնախարարը՝ Քերոբյանի ազատման մասին
Վահան Քերոբյանի ազատումը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից անակնկալ է եղել նախարարության աշխատակիցների համար։ Օրինակ՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէր, որ հեռանալու է։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ փաստին, Խոջոյանը, որի ձայնից զգացվում էր, որ կարծես ինքն էլ անտրամադիր է, չցանկացավ մեկնաբանել։
Աացինք, որ Քերոբյանին փոխարինողի որոշ անուններ են արդեն շրջանառվում, մեկը իր անունն է՝ որպես հավանական թեկնածու, Խոջոյանն արձագանքեց․
«Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։
Նա նաև դժվարացավ ասել՝ Քերոբյանի հեռանալը կարո՞ղ է կապ ունենալ նախարարության շուրջ վերջերս ծավալված կոռուպցիոն սկանդալի հետ։ «Ես տեղյակ չեմ, ինչպե՞ս կարող եմ արձագանքել։ Եթե ինչ-որ տեղեկություն ունենայի, հենց ամենասկզբից այդ տեղեկությւոնը կկիսվեի Ձեզ հետ»,- ասաց Արման Խոջոյանը՝ նշելով, որ ինքն այդ գործի հետ որևէ առնչություն չի ունեցել, իրեն էլ հարցաքննության չեն հրավիրել։
Քերոբյանի մասով էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ նրան նույնպես չեն հրավիրել հարցաքննության։
Մեր հարցերին դժվարությամբ պատասխանող փոխնախարարին հարցրինք նաև, թե նախարարությունում ինչպե՞ս են արձագանքել Վահան Քերոբյանի հեռացմանը։ «Շատ անսպասելի էր»,-կարճ արձագանքեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։