Վահան Քերոբյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ բնակիչներ։
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտյան 8-ից՝ երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրն ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։
2020թ․ համեմատ՝ 2023թ․ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը։ Մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։
Երբ 2020թ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքն իմ երկրին։
Շնորհակալ եմ վարչապետին՝ իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։
Սիրով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը։