ԱՄՆ պաշտպանության նախարարը կրկին հոսպիտալացվել է
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել Վաշինգտոնի հիվանդանոցից և վերադարձել իր պարտականությունների կատարմանը: Երեք ամսվա մեջ Օսթինը հիվանդանոցում է եղել արդեն երրորդ անգամ․ հայտնում է BBC-ն։
Նախօրեին հայտարարվել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հերթական հոսպիտալացման պատճառով չեղարկել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցը:
Պենտագոնի 70-ամյա ղեկավարին տեղավորել են Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ըստ Պենտագոնի՝ նախարարի մոտ առաջացել է «միզապարկի շտապ խնդիր»:
Նախարարին բուժող բժիշկները հայտարարել են, որ նա անցել է վիրահատական միջամտության հետ չկապված բուժում, և այժմ նրա առողջական վիճակը մտավախություն չի ներշնչում: