ՌԴ-ի այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկա. Էստոնիայի վարչապետ
Ռուսաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Բալթյան երկրների մի քանի տասնյակ քաղաքական գործիչների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «պատմական հիշողությունը անարգելու» մեջ: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետական քարտուղարի նկատմամբ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից հետախուզում է հայտարարվել:
Ինչպես հայտնում են ռուսական պետական լրատվական գործակալությունները, Կալլասի և Պետերկոպի դեմ «քրեական գործ է հարուցվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման և վնասման վերաբերյալ»: Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսին Էստոնիայի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ԽՍՀՄ ժամանակների հուշարձանները տեղափոխելու մասին։
Կայա Կալասը հայտարարել է, որ ՌԴ-ի այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկա:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, ուժեղացնել եվրոպական պաշտպանությունը և պայքարը ռուսական քարոզչության դեմ»,- գրել է Կալասը X սոցիալական ցանցում:
Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը կոչ է արել հանգիստ վերաբերվել Ռուսաստանի այդ գործողությունների մասին լուրերին:
«Սա լավ ծրագրված ակցիա է մեր դեմ՝ ուղղված մեր անվտանգության խաթարմանը։ Չափազանց կարևոր է գործել դաշնակիցների հետ համատեղ, որպեսզի մեր ուղղությամբ ոչ մի հաջող թշնամական գործողություն չլինի», - ասել է Միխկելսոնը։